ԹԱՅՅՈՒԱՆ, Չինաստան (21 օգոստոսի, 2026 թ.) — Թաեքվոնդոյի կանանց աշխարհի 2026 թվականի բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 28–30-ը Չինաստանի Թայյուան քաղաքում։ Ակնկալվում է, որ այն կլինի մինչ օրս անցկացված ամենամասշտաբային առաջնությունը։
Մրցումներին մասնակցելու համար գրանցվել է ընդհանուր առմամբ 391 մարզուհի՝ 58 երկրից և Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի փախստականների հավաքականից։ Նրանք կմրցեն ութ քաշային կարգերում՝ մինչև 46 կգ, 49 կգ, 53 կգ, 57 կգ, 62 կգ, 67 կգ, 73 կգ և 73 կգ-ից բարձր։
Սա կլինի թաեքվոնդոյի կանանց աշխարհի բաց առաջնության երրորդ մրցաշարը։ Առաջինն անցկացվել է 2022 թվականին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, իսկ երկրորդը՝ 2025 թվականին Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում՝ 188 մարզուհու մասնակցությամբ։
Թայյուանն արդեն ունի բարձրակարգ թաեքվոնդոյի մրցումներ հյուրընկալելու փորձ. 2023 թվականին այստեղ անցկացվել է թաեքվոնդոյի համաշխարհային Գրան պրիի փուլը։
Այս տարվա առաջնության ուժեղ մասնակիցների թվում են Հունգարիայի ներկայացուցիչ Վիվիանա Մարտոնը՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնուհին և Հռոմի 2026 թվականի Գրան պրիի մինչև 67 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիրը, ինչպես նաև նրա քույրը՝ Լուանա Մարտոնը, որը մինչև 67 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Ուսիում անցկացված թաեքվոնդոյի աշխարհի 2025 թվականի առաջնությունում։
Մրցաշարին կմասնակցեն նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յուջինը, Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից 2025 թվականի լավագույն մարզուհի ճանաչված, մինչև 73 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնուհի, Բելգիայի ներկայացուցիչ Սառա Շաարին, ինչպես նաև Թուրքիայի ներկայացուցիչներ Նաֆիա Քուշ Այդընն ու Էմինե Գյոգեբաքանը, որոնք ոսկե մեդալներ են նվաճել Ուսիում անցկացված աշխարհի 2025 թվականի առաջնությունում։
Մրցապայքարին կմիանան նաև Կոտ դ’Իվուարի ներկայացուցիչ Կիմի Լորեն Օսինը, որը Հռոմի 2026 թվականի Գրան պրիում ոսկե մեդալ է նվաճել 67 կգ-ից բարձր քաշային կարգում, և Ռուսաստանի ներկայացուցիչ Ալիսա Անգելովան, որը նույն մրցաշարում հաղթել է մինչև 49 կգ քաշային կարգում։
Ռուսաստանի ներկայացուցիչ Միլանա Բեկուլովան, Թունիսի ներկայացուցիչ Մասղունի Վաֆան, Մարոկկոյի ներկայացուցիչ Ամինա Դեհաուին և Թուրքիայի ներկայացուցիչ Սուդե Յարեն Ուզունջադավարը նույնպես կփորձեն համալրել վերջին խոշոր մրցաշարերում նվաճած իրենց մեդալների հավաքածուն։
Առաջին օրը՝ բացման արարողության ընթացքում, ցուցադրական ելույթ կունենա նաև Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի ցուցադրական թիմը։
Մասնակիցների ռեկորդային թվի, ինչպես նաև օլիմպիական և աշխարհի չեմպիոնուհիների մասնակցության շնորհիվ Թայյուան 2026-ը խոստանում է դառնալ կանանց աշխարհի բաց առաջնության մինչ օրս ամենատպավորիչ մրցաշարը։